«Գրանիշ» գրական հանդեսը ներկայացնում է նոր՝ «Գրանիշ գերմանական» թարգմանական համարը, որում տեղ է գտել ժամանակակից գերմանացի հեղինակների տասը պատմվածք՝ հայերեն թարգմանությամբ և հեղինակային իրավունքների ձեռքբերմամբ: «Գրանիշ» հանդեսի խմբագրակազմի անդամ, գրականագետ ՀԱՍՄԻԿ ՀԱԿՈԲՅԱՆՆ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ «Գրանիշ գերմանական» թարգմանական համարը իրականացվել է Գերմանիայի Գյոթեի ինստիտուտի, «Անտարես» հրատարակչության, Համազգային հայ կրթական միության համագործակցությամբ: Համարի համակարգողը, թարգմանիչը Գայանե Գինոյանն է, ում անմիջական մասնակցությամբ ու պատասխանատվությամբ իրականացվել են տեքստերի ընտրությունն ու գերմաներենից թարգմանության խմբագրումը:
-Գերմանական գրականությունը ներկայացնելու ցանկությանը զուգահեռ, այս ծրագիրը մեկ այլ հստակ նպատակ է ունեցել՝ երիտասարդ թարգմանիչներին հնարավորություն ընձեռել զբաղվելու գեղարվեստական թարգմանությամբ և տպագրվելու,- նշեց գրականագետը:
-Մեկ հանդեսում հնարավո՞ր է ներկայացնել գերմանալեզու գրականության լավագույն նմուշները:
-Գերմանական գրականությունն ամբողջությամբ, անշուշտ, ներկայացնելու հնարավորություն չենք ունեցել, ընտրվել են միայն կարճ պատմվածքի ժանրը ներկայացնող տասը գործեր, որոնք հստակ ուրվագծում են այսօր Գերմանիայում ստեղծվող գրականության թեմատիկ, գեղագիտական առանձնահատկությունները: «Գրանիշ գերմանական» համարում ներկայացված են Թերեզիա Մորայի, Զիլկե Շոյերմանի, Լուց Զայլերի, Գրեգոր Զանդերի, Անետե Պենթի, Վոլֆգանգ Հերնդորֆի, Կատարինա Հաքերի, Քրիստոֆ Պետերսի, Յուդիթ Հերմանի, Մարկուս Օրթսի պատմվածքները:
-Ինչպե՞ս է կատարվել ընտրությունը:
-Հեղինակները, որոնք ընտրվել ու թարգմանվել են հայերեն, Գերմանիայում հայտնի ստեղծագործողներ են: Հիմնականում ընտրությունը կատարվել է ըստ իրենց ստացած հեղինակավոր մրցանակների. այսպես, օրինակ, Թերեզիա Մորայի «Օֆելյա» դեպք» պատմվածքն արժանացել է Գերմանիայում շատ հայտնի Ինգեբորգ Բախմանի մրցանակին, Գրեգոր Զանդերն ու Լուց Զայլերը արժանացել են Գերմանական գրքի մրցանակին, ի դեպ, 2014-ին լույս տեսած վերջինիս «Կրուզո» վեպը կթարգմանվի և լույս կտեսնի նաև հայերեն («Անտարես» հրատարակչություն):
-Հեղինակներին առանձին գրքով ներկայացնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
-Պատմվածքները գրական պարբերականում հրատարակելու և հանրամատչելի դարձնելու ցանկությունն ի սկզբանե եղել է Գյոթեի ինստիտուտի և մեր փոխհամաձայնության հիմնական նպատակներից մեկը: Սա նախնական ծրագիր է, ինչը հետաքրքրություն պետք է առաջ բերի գերմանական գրականության նկատմամբ, հետագայում հեղինակներին առանձին գրքով ներկայացնելու հեռանկարով:
-Հաջորդիվ ի՞նչ է առաջարկելու «Գրանիշը»:
-«Գրանիշի» հետագա համարների համար մի քանի նախագիծ-ցանկություն ունենք. նախատեսում ենք այս շարքը դարձնել շարունակական, առանձին համարներով ներկայացնել տարբեր երկրների թարգմանական գրականություն, շարունակել հրատարակել մեր սեփական թեմատիկ համարները: Գարնանը նախատեսում ենք հրատարակել սիրային գրականությանը նվիրված համար:
-Փոխադարձաբար հայ հեղինակները ներկայացվելո՞ւ են գերմանալեզու ընթերցողին:
-Դա մեր ամենապատասխանատու և կարևոր հարցերից մեկն է, ցավոք, նաև մեր գրական և պետական քաղաքականության ամենախոցելի կողմերից մեկը: Իրականում ցանկացած երկրի մշակույթ պետք է գտնվի իր երկրի պետական քաղաքականության հոգածության ներքո, արտգործնախարարությունների և գրական ֆոնդերի միջոցով թարգմանվի և տարածվի: Մեր երկրում նման ինստիտուտների բացակայությունը բերում է հայ գրականության կղզիացման: Մենք սպասում ենք, որ գան, տեսնեն ինչ լավ գրականություն ունենք և իրենց երկրներում տպագրեն: Ցավոք, սա այսօր չաշխատող մեխանիզմ է: Եթե ուզում ենք, որ աշխարհը ծանոթ լինի մեր գրականությանը, պետք է ինքներս նախաձեռնենք ու ֆինանսավորենք այդ ծրագրերը: Իսկ մենք այսօր ունենք իրոք լուրջ և մրցունակ գրականություն:
Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ
Լուսանկարը` Գերման ԱՎԱԳՅԱՆԻ